Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Եթե անգամ գիտությանը հատկացվող բյուջեն տասն անգամ մեծացվի, միևնույն է, հնարավոր չէ այսքան մեծ թվով հիմնարկներ պահելը»

«Եթե անգամ գիտությանը հատկացվող բյուջեն տասն անգամ մեծացվի, միևնույն է, հնարավոր չէ այսքան մեծ թվով հիմնարկներ պահելը»
12.05.2009 | 00:00

ԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Օրերս ՀՀ կառավարությունն ընդունեց հայ գիտնականների ներուժը համախմբելու ծրագիր, որի նպատակը Հայաստանի և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների համախմբումն է՝ նրանց գիտելիքները, փորձն ու հնարավորություններն ուղղելով պետական և ազգային հիմնախնդիրների լուծմանը: Ծրագրի և հայրենական գիտության մասին է մեր զրույցը ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-Պարոն Հարությունյան, հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրն ընդունվեց. ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ հեռանկարներ է բացում
գիտության զարգացման համար։
-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բազմաթիվ հայ գիտնականներ սոցիալական ծանր վիճակի պատճառով մեկնեցին արտերկիր: Եվ այժմ սփյուռքում ունենք շնորհաշատ բազմաթիվ գիտնականներ, ովքեր բավականին բարձր դիրքեր են զբաղեցնում գիտական շրջանակներում։
Արտերկրի հայ գիտնականների հետ համագործակցություն միշտ էլ եղել է։ Այդ համագործակցությունն ավելի ինտենսիվ բնույթ ստացավ 1994 թվականից հետո, երբ Հայաստանում սկսեցին իրականացվել դրամաշնորհային ծրագրեր։ Եղավ նույնիսկ մի շրջան, երբ դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորման ծավալներն ավելի մեծ էին, քան պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը։
Դեռևս 1,5 տարի առաջ ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկում էինք սփյուռքի հայ գիտական ներուժի համախմբման և համակարգված կիրառման հարցը։ Առաջին գաղափարն էր ակադեմիայում ստեղծել սփյուռքի բաժին ու սփյուռքի գիտնականներին ներգրավել մեր աշխատանքներում։ Այսպիսով մենք մի քանի հարց էինք լուծում. նախ՝ ընդգծում էինք, որ մեր ազգային ակադեմիան համայն հայության ակադեմիան է, երկրորդ՝ ԳԱԱ աշխատանքները դարձնում էինք ավելի նպատակային. գիտության որոշ ոլորտներ, որտեղ հետ ենք մնացել, մեր արտերկրի հայ գիտնականների շնորհիվ կսկսեն ավելի արագ և արդյունավետ զարգանալ: Այսօր կան ոլորտներ, որոնք մեծապես զգում են դրսի աջակցության կարիքը, օրինակ, հայագիտությունը: Ներուժի համախմբման ծրագիրը նախատեսում է ՀՀ-ում իրականացվող հայագիտական հետազոտական աշխատանքներում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ինտենսիվ և նպատակային ներգրավում, համատեղ հետազոտությունների իրականացում:
Այս ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք պարբերական բնույթ են կրելու, մասնավորապես հայ գիտնականների աջակցությամբ ու մասնակցությամբ կազմակերպվելու են միջազգային գիտաժողովներ՝ հնարավորություն ստեղծելով սերտացնել կապերն այլազգի գիտնականների հետ։
Շատ կարևոր է երիտասարդների ուսուցման խնդիրն արտերկրում։ Մեր գործընկերները խոստացել են կազմակերպել ասպիրանտական ուսուցում տարբեր միջազգային հանրաճանաչ լաբորատորիաներում։ Մտադիր ենք նաև վաստակաշատ հայ գիտնականների ներուժն օգտագործել՝ երիտասարդ գիտնականների համար դասընթացներ, թրեյնինգներ կազմակերպելու գործում։ Չի բացառվում, որ ապագայում Հայաստանում ստեղծվեն հետազոտական համալսարաններ, որոնցում ծանրակշիռ դերակատարում կունենան սփյուռքահայ գիտնականները։
Հայ գիտնականների հետ մտադիր ենք լուծել ևս մեկ շատ կարևոր հարց՝ գիտական արդյունքների առևտրայնացման խնդիրը։ Հայաստանում այդ ոլորտը բավականին ցածր մակարդակի վրա է։ Նշեմ, որ գիտության ֆինանսավորման մասնաբաժնում մասնավոր սեկտորի մասը բավականին փոքր է։ Դա նորմալ երևույթ չէ. եթե գիտությունն ամբողջությամբ հենվում է պետական բյուջեի վրա, ապա այն հեռանկար չունի։ Հույս ունեմ, որ ապագայում հայ գիտնականների ներուժի օգտագործումը կբերի նրան, որ գիտական խնդիրներ լուծելուն ոչ միայն պետական բյուջեն կաջակցի, այլև տեղական և արտասահմանյան տարբեր ֆիրմաներ։ Այսպիսով գիտական արդյունքների առևտրայնացման խնդիրն էապես կնպաստի մեր տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացմանը։ Այս առումով խիստ կարևորում ենք արտերկրի հայ գիտնականների փորձն ու հմտությունը, քանի որ նրանց զգալի մասն արտասահմանյան տարբեր կազմակերպություններում բավականին լուրջ դիրքեր է զբաղեցնում, հսկայական փորձ ունի գիտական արդյունքների առևտրայնացման գործում, ինչպես նաև՝ հաստատուն կապեր տարբեր ֆիրմաների, կառույցների հետ հարաբերություններ հաստատելու գործում:
Հաջորդ կարևոր հարցը գիտելիքի առևտրայնացման խնդիրն է։ Այսօր Հայաստանում, որքան գիտեմ, սովորում է 1000-1500 արտասահմանցի ուսանող։ Հայաստանը մի շարք երկրների համար գիտական որոշ ոլորտներում դեռևս գայթակղիչ երկիր է համարվում։ Խոսքն առաջին հերթին բնական գիտությունների մասին է։ Արտերկրի հայ գիտնականներն այս հարցում ևս էական աջակցություն կարող են ցուցաբերել, որովհետև արտասահմանցի ուսանողների հետ աշխատելու համար հարկավոր է լեզու իմանալ, նորագույն ծրագրեր ներմուծել Հայաստան։ Այս ամենը գիտության ու կրթության ոլորտում ֆինանսական լուրջ հոսքեր կապահովի։ Ի դեպ, զարգացած շատ երկրներ բավականին ինտենսիվորեն են զբաղվում գիտելիքի առևտրայնացմամբ։ Օրինակ, Միացյալ Նահանգներն այս ճանապարհով տարեկան 120 մլրդ դոլար է աշխատում, Անգլիան՝ մոտ 12 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Եվ տարածաշրջանում ունենալով բավականին բարձր գիտական վարկանիշ՝ մենք կարող ենք հավակնել գիտելիքի առևտրայնացման տարածաշրջանային կենտրոն դառնալուն։
Սփյուռքի գիտնականները մեզ կօգնեն նաև վերջերս ընդունված, միջազգային չափանիշներին համապատասխան նոր կարգերով գիտական ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Ըստ այդ կարգերի՝ ֆինանսավորումն իրականացվելու է փորձագիտական անկախ համակարգի միջոցով։ Կոմիտեի աշխատակազմն արդեն իսկ ստեղծել է անկախ փորձագետների էլեկտրոնային շտեմարան, որում գրանցված են մոտ 1200 գիտնականների տվյալներ, այդ թվում՝ սփյուռքի մեր գործընկերներինը:
Այնպես որ, կարծում եմ, հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը խիստ կարևոր և ժամանակին ընդունված փաստաթուղթ է։ ՈՒզում եմ նշել նաև, որ վերը նշված բոլոր առաջնահերթ խնդիրները գիտության պետական կոմիտեն իրականացնելու է` համագործակցելով շահագրգիռ պետական մարմինների, մասնավորապես՝ ՀՀ սփյուռքի նախարարության և գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
-Ծրագիրը ենթադրո՞ւմ է հայաստանցի ուսանողների ուսուցում արտասահմանում։ Եթե այո, ապա ի՞նչ ֆինանսական միջոցներով է դա իրականացվելու։
-ՀՀ և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների փոխանակման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նաև հայաստանցի ուսանողների ուսուցման կազմակերպում արտասահմանում: Ենթադրվում է, որ մեր պետությունը կապահովի ֆինանսավորման որոշակի մասնաբաժին։ Ներդրում կունենա նաև հրավիրող կողմը։ Ես մի շարք հայտնի հետազոտական կենտրոնների հետ պայմանավորվածություններ ունեմ, որոնք պատրաստ են միջոցներ տրամադրելու մեր ասպիրանտներին՝ արտերկրում կրթություն ստանալու համար։ Իհարկե, մենք դեռ կմշակենք այդ ամենի մեխանիզմները։ Բացի այդ, պայմանավորվածություն ունենք, որ մեր երիտասարդները մասնակցեն մի շարք միջազգային ծրագրերի։
Գիտության պետական կոմիտեի հիմնական նպատակներից է միջազգային համագործակցությունը դարձնել ավելի ինտենսիվ. գիտությունը բաց համակարգ է, և մեկ երկրի սահմաններում գիտություն զարգացնել հնարավոր չէ։ Մի շարք պետությունների հետ նախատեսվում է ստորագրել պայմանագրեր՝ համաֆինանսավորման տարբերակով գիտական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Արդեն ունենք պայմանագիր Ֆրանսիայի ազգային հետազոտությունների կենտրոնի հետ: Նախատեսվում է պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հիմնարար հետազոտությունների հիմնադրամի, Բելառուսի գիտության պետական կոմիտեի, Բրազիլիայի կրթության և գիտության նախարարության հետ։ Համագործակցության առաջարկ ունենք նաև հիմնարար և տիեզերական գիտությունների ասպարեզում գործող գերմանական ֆոնդերի կողմից։ Ի դեպ, այդ պայմանագրերի կնքման հարցում մեզ էապես աջակցել են դրսի մեր գիտնականները։
-Ի՞նչ վիճակում է գիտական աստիճանաշնորհման համակարգը, ըստ Ձեզ։
-Գիտական աստիճանաշնորհման համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Կարծում եմ՝ ապագայում գիտական աստիճանաշնորհումը և գիտական կոչումներն ինչ-որ կերպ պետք է տարանջատվեն և ապակենտրոնացվեն։ Ամբողջ աշխարհն է այդպես ապրում, եթե կան փորձարկված համակարգեր, որ նորմալ, հստակ աշխատում են, մենք նույնպես պետք է որդեգրենք դրանք։ Եթե ցանկանում ենք ինտեգրացվել Եվրոպային, պարտավոր ենք ընդունել նրանց խաղի կանոնները, հատկապես եթե այդ կանոններն այնքան էլ վատը չեն։
-Հայաստանյան գիտության ո՞ր ուղղություններն են մրցունակ։
-Ժամանակին գիտության որոշ բնագավառներում մենք առաջատար դիրքեր էինք զբաղեցնում՝ ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, մաթեմատիկա։ Այդ ոլորտները գիտական ռեսուրսների կորուստներից (գիտնականների արտահոսք, ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով գիտահետազոտական հաստատությունների մասնակի վերացում) հետո էլ, այնուամենայնիվ, շարունակում են բարձր դիրքեր պահպանել։ Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքներն ու չափանիշները: Համաձայն այդ որոշման, հայագիտությունը՝ որպես Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնագավառ, իր առաջնահերթ տեղն ունի գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններում:
Գիտության մեջ գերակա ուղղություններ սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի սկզբունքներով: Այդ գերակայությունները պետք է միտված լինեն պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ռազմավարական, ազգային անվտանգությունից բխող, միջազգայնորեն հեռանկարային համարվող գիտահետազոտական խնդիրների լուծմանը: Գիտության մեջ գերակա ուղղությունների որոշումը բավականին ծանր գործընթաց է, քանի որ, իրավական ակտերով սահմանված սկզբունքները և չափանիշները պահպանելուց բացի, պետք է հաշվի առնվեն նաև թե՛ տնտեսության զարգացման ուղղությունները և թե՛ մեր ունեցած կադրային ռեսուրսները:
Գիտական գերակայություններն ամրագրելուց հետո մենք կաշխատենք այդ ուղղություններով ֆինանսավորումն ավելի նպատակային դարձնել, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացմանը։
-Գիտության ոլորտում անձնագրավորում կատարվե՞լ է. որքա՞ն գիտական հիմնարկներ ունենք, և դրանց կառավարումը որքանո՞վ է արդյունավետ կատարվում։
-Գիտական կազմակերպությունների անձնագրավորում անցկացրել ենք 2008 թվականին։ Մոտ 100 հիմնարկից հավաքագրել ենք մանրակրկիտ տեղեկատվություն։ Եզրակացությունը հետևյալն է (թեև մեր շատ գործընկերներ համաձայն չեն ինձ հետ). Հայաստանն այսօր ի վիճակի չէ պահելու այդքան հիմնարկներ, մանավանդ որ գիտական ուղղություններով դրանք հաճախ իրար շատ մոտ են։ Ապագայում ենթադրվում է գիտական հիմնարկների որոշակի օպտիմալացում, որովհետև եթե անգամ գիտությանը հատկացվող բյուջեն տասն անգամ մեծացվի, միևնույն է, հնարավոր չէ այսքան մեծ թվով հիմնարկներ պահելը։ Պատկերացրեք, որոշ ինստիտուտներ ունեն 6-7 մասնաշենք, բայց այդ ինստիտուտում ընդամենը 3-4 լաբորատորիա է աշխատում։
-Ի՞նչ անենք, օտարե՞նք։
-Երբ այդ մասին խոսք է լինում, մարդիկ կարծում են, թե այդ ինստիտուտները պետք է վերցնեն ու վաճառեն։ Ամենևին այդպես չէ։ Պետք է լուրջ ծրագրեր ներկայացվեն՝ այդ տարածքները գիտակրթական նպատակներով օգտագործելու համար։ Եվրոպական միջին չափանիշներով, օրինակ, մեկ ուսանողին 12-16 քմ տարածք պետք է հատկացվի։ Այսօր Երևանի պետհամալսարանի մեկ ուսանողին հատկացված մակերեսը մոտ 3 քմ է։ Կան նաև այլ անհամամասնություններ: Այդ ցուցանիշներով երբեք եվրոպական գիտակրթական համակարգին չենք կարող ինտեգրացվել։ Ի՞նչն է խանգարում, որ ինստիտուտների այդ ազատ տարածքները վերապրոֆիլավորենք և վերածենք ուսումնական լաբորատորիաների, գիտակրթական կենտրոնների։ Իսկ այդպիսի ծրագրեր ապագայի համար նախատեսում ենք։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3461

Մեկնաբանություններ